Jan 4, 2012

Հանքերի ամրոց, մեր երկիր հայոց ՀԱՆՔԱՍՏԱՆ




ՀՀԿ տնտեսական համաժողովի ամփոփումով իշխող կուսակցությունը ընդունեց մի շարք ֆունդամենտալ քաղաքա-տնտեսական որոշումներ, որոնք արմատապես կփոխեն ՀՀ տնտեսական մթնոլորտն ու արդյունաբերական համակարգը, ի բարօրություն սեփական քաղաքացիների և ի տապալյաց թշնամաց իշխող կուսակցվոյ:

Հաշվի առնելով ՀՀ տարածքում հայտնաբերված, գործող և դեռևս չգործարկված հանքերը և նոր հանքերի հայտնաբերման և գործարկման պոտենցյալը ՀՀԿ տնտեսական համաժողովը որոշեց հանքարդյունաբերությունը դարձնել ՀՀ տնտեսական ստրատեգիական առաջնային ոլորտ:

ՀՀԿ անդամ, վարչապետ Տ. Սարգսյանը խոստացավ Հայաստանը դարձնել հանքարդյունաբերության և հանքատուրիզմի տարածաշրջանային կենտրոն, որ կգրավի ոլորտում առաջատար ներդրողներին ու գիգանտներին, ինչը առավել ուժգին թափ կհաղորդի առանց այդ էլ տպավորիչ ցուցանիշներ ցուցաբերող, դինամիկ զարգացման նոր փուլ մտած հայկական տնտեսությանը:

Մասնակիցները ներկայացրեցին ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու և հանքարդյունաբերական ոլորտը աշխարհին ներկայացնելու համար ՀՀԿ տնտեսական մտքի գիգանտների մշակած ծրագիրը, որը ներառում է նաև Հայաստանի հանրապետությունը` Հանքերի հանրապետություն, իսկ Հայաստանը` Հանքաստան
վերանվանելու նախագիծ:

Նմանապես, որոշվեց նախընտրական այս կարևոր շրջանում Հայաստանի հանրապետական կուսակցությունը վերանվանել Հայաստանի հանքարդյունաբերական կուսակցություն, ընտրազանգվածին առավել ճանաչելի լինելու համար:

Իսկ նշված փոփոխություններով անհանգստացած շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստների և տուրիստական կազմակերպությունների բողոքները քննարկելու համար կլոր սեղանին հրավիրված պաշտոնյաներ ԱԺ փոխնախագահ Հանքարդյունազարովը, ՀՀ Բնա
անպաշտպանության նախարար Վայէկոլոգ Հանքհարությունյանը և Էնեգետիկայի և Հայաստանի փրկության պաշարների նախարար Արմեն Լիցենզիա Լուսիմարդյանը շտապեցին հավաստիացնել էկոլոգներին, որ հանքարդյունաբերությանը զարկ տալը ոչ թե կխանգարի այլ կխթանի մարդկային զարգացման պայմանները, ինչպես նաև տուրիզմը Հայաստանում:

«Մի մոռացեք, որ մենք շրջափակման մեջ գտնվող երկիր ենք, որ չունի ելք դեպի ծով, և հանքահանման ընթացքում առաջացող պոչամբարները կլրացնեն ջրային հանգստի և ժամանցի սահմանափակ տարբերակները երկրում» ասաց Բնա
անպաշտպանության նախարարը և ավելացրեց, «Նայեք, թե ինչպիսի գեղեցկություն է, օրինակ, Սյունիքում Արծվանիկի պոչամբարը: Քանի քանի Իրանցի տուրիստներ են զմայլվում այդ տեսարանով սահմանը հատելուց մեկ ժամ անց: Չէ, որ կարող ենք զբաղվել այդ տարածքով ու սրճարան, ռեստորան, սաունա, բան ման ավելացնել, այն բերել ավանդական հայկական ժամանցի վայրի ստանդարտների: Իսկ դրանց քիմիական կառուցվածքը և հնարավոր առողջական հետևանքները կարող են գրավել էքստրեմալ տուրիզմի սիրահարներին, թե չէ Թեղուտ-մեղուտ, էկոտուրիզմ բան, սաղ սուտա, էսօր էսա ամենաճիշտը»:

Հանդիպմանը, որպես շահագրգիռ կողմ ներկա էր նաև Հանքավայրի մոտ գտնվող Տաթևի վերակառուցման և զարգացման կնքահայր` Հայաստանի ազգային կռայիտի մրցունակության հիմնադրամի ղեկավար և հոգաբարձուների խորհրդի քարտուղարուհու տեղակալ Զբոսիկ Ատկատյանցը, ով հավաստիացրեց, որ հանքարդյունաբերությունը իրոք կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի տուրիստական ոլորտի զարգացման համար, որպես օրինակ բերելով Deathrow Gold Mining-ի հետ համատեղ ժամանցային ոսկեորսային տուրիզմի պիլոտային ծրագիրը (աշխարհում հայտնի որպես recreational gold mining), որը կարող է ապահովել goldfever-ով տառապող հազարավոր զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան:

Ատկատյանը նշեց նաև հետհանքարդյունաբերական տարածքներում առաջացած հետաքրքիր շերտավորումներից հանքային հայկական մեծ կանյոնի (the Grand Armenian Mining Canyon) ստեղծման մասին պետական տուրիստական ռազմավարական ծրագիրը:
Նշվեց, որ նախատեսվում է նաև միևնույն հիմքի վրա կրկնօրինակելով Հռոմի հայտնի կոլիզեյի նախագիծը, ստեղծել մեծ հայկական ֆորում:

Կլոր սեղանին ներկա էր նաև անընդհատ ասուլիսներ տվող և հայ ազգին կյանքի մասին դասեր կարդացող չգիտես ինչի մասնագետ Ահավոր Ադիբեկյանը, ով օգտվելով ընձեռված առիթից ներկայացրեց հայկական ավանդական հանքարդյունաբերական մշակույթը, ցուցադրեց պապերից եկած ազգագրական հանքափորի տարազի օրինակներ, նշեց, որ մեր նախնադարյան պապերն անգամ եղել են հմուտ հանքափորներ, ինչի մասին վկայում են Հայաստանի տարածքում գտնված ժայռապատկերները:

Նա նաև կառավարությանը կոչ արեց հայկական հանքարդյունաբերական ավանդական մշակույթը աշխարհին ներկայացնելու համար հիմադրել մատենադարանի ֆորմատով հանքադարան թանգարան համալիր մայրաքաղաքի կենտրոնում:

Ամփոփելով կլոր սեղան հանդիպումը Բնա
անպաշտպանության նախարարը շտապեց ուրախացնել տուրիստական ոլորտի ներկայացուցիչներին այն լուրով, որ Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը (UNEP) Հայաստանը դասել է երկրագնդի ամենաարագ անապատացող տարածքների ցանկում, ինչը համաձայն նախարարի` պարարտ հող է պատրաստում Հայաստանը տարածաշրջանային անապատային տուրիզմի կենրտրոն դարձնելու համար: Նա նաև նշեց, որ հայրենի օլիգարխներից մեկը արդեն իսկ խնդրել է մոնոպոլիայի իրավունք այդ ոլորտում, և հավաստիացրել, որ օգտագործելով սեփական կապերը կկարողանա Տանզանիայից Հայաստան ներկրել սաֆարի անապատային տուրիզմի համար անհրաժեշտ բոլոր կենդանատեսակներից:










Կարևոր` սույն նյութը ամբողջությամբ մտացածին է, երևույթները, անունները, դեպքերն ու նկարները երևակայական են, հնարավոր համընկնումները պատահական են: Հեղինակը պատասխանատվություն չի կրում օգտագործված սիմվոլների, նկարների և անունների համար: