Dec 8, 2012

Ադիբեկիանոս պատմիչի «Հայքի քաղաքամայր Էրեբունու պատմությունը»` Սևամորթ Գագիկից մինչև Տարոն Դալանագործ


Հեղինակ` Լևոն Մարգարյան

Ադիբեկիանոս պատմիչը այսպես է նկարագրում Հայքի քաղաքամայր Էրեբունու պատմությունը...Սևամորթ Գագիկից մինչև Տարոն Դալանագործ

Երբ աֆրոամերիկացիների ազգից Գագիանոսը (Սևամորթ Գագիկ) հեռացվեց քաղաքագլխի պաշտոնից, նրան փոխարինելու եկավ ռուսական թագավորությունից Հայք տեղափոխված իշխան Կարեն Գազնունին, որը, սակայն, ևս երկար չդիմացավ, քանզի համառ էին նրա ենթակայության տակ գտնվող Էրեբունու բնակիչները և չհանդուրժեցին Գազնունու փափկությունը...

Եվ այդժամ արքա Սերխիանոսը Էրեբունու քաղաքագլուխ կարգեց իր ընկերոջ զավակին՝ Ավանի հարյուրապետ Տարոնին, իր կառավարման առաջին շրջանից հետո նրան սկսեցին անվանել Տարոն Դալանագործ` պատմում է պատմիչներից մեկը...

Մեզ հակասական տեղեկություններ են հասել Տարոն Դալանագործի մասին, մի դեպքում կարդում ենք, որ Տարոն Դալանագործը թեպետ և երիտասարդ էր, բայց կարճ ժամանակում կարողացավ նվաճել արքա Սերխիանոսի վստահությունը ու դառնալ Հանրապետականաց գնդի երևելիներից մեկը... Նա կառուցապատեց ու կանաչապատեց Էրեբունին, բազմաթիվ շքեղություններով պատեց այն...

Պատմիչների մեկ այլ խումբ կարծում էր, որ Տարոն Դալանագործն իրականում մեծ վրեժ ուներ Էրեբունու հանդեպ, ու այդ վրեժը սերում էր Մաշտոց անվանումը կրող բնակավայրում` Բուծիկաշենի պաշարման ժամանակ նրա կրած պարտությունից, երբ Թեղուտի իշխանուհի Մարիամ Սուխուդիսն իր գլխավորած փոքրաթիվ քաջերով իննսուն օրվա ընթացքում կարողացավ հաղթել Տարոն Դալանագործի ու Աֆրոամերիկացի Գագիանոսի եղբոր դաշինքին... Աղբյուրներից մեկում կարդում ենք՝ պարտությունն այնքան դառն էր, որ անձամբ արքա Սերխիանոսը ժամանեց Մաշտոցի ճակատամարտի վայր՝ հաշտություն կնքելու, և իր բառերով ընդունեց Հանրապետականաց պարտությունը` «Tares jene ne siruno», որ լատիներենից թարգմանաբար նշանակում էր «Տարոն ջան, սիրուն չի»: Սրանք էին այն խոսքերը, որոնք վրեժ ծնեցին Դալանագործի հոգում, ինչպես ցույց տվեցին Տարոն Դալանագործի կառավարման հետագա տարիները, վերջինիս այնքան մեծ վրեժով լցվեց քաղաքի հանդեպ, որ պատվիրեց քանդակել ու տարածել կենդանական տոտեմների ահասարսուռ պատկերներ, «և պինգվիններն ու կարապները վիշապանման խաղալիքներ դարձան», իսկ թիթեռները` մեծ ու տգեղ ծաղիկներ...

Սակայն դուր էին գալիս էրեբունցիների մեծ մասին Դալանագործի շվայտությունները, քանզի գյոռմամիշության պաշտամունք կար հայոց մեջ:

Եվ արդ` Բլոգնյուզի ժայռապատկերներում կարդում ենք նրան երկրպագող բազմաթիվ էրեբունցիների մեկնաբանություններ, որոնք օրհնում էին Տարոն Դալանագործի գործերը և անիծում նրան քննադատողներին...