Oct 11, 2011

Աբսուրդի հետազոտությունների միջազգային ինստիտուտի մրցանակաբաշխության արդյունքները


Երեկ երեկոյան միլիոնավոր հեռուստադիտողներ ուղիղ հեռարձակմամբ դիտեցին լոնդոնյան հանրահայտ Աբսուրդի հետազոտությունների միջազգային ինստիտուտի ամենամյա հեղինակավոր շոու-մրցանակաբաշխությունը: Ինչպես և խոստացվել էր` 115 միլիոն հեռուստադիտողների ռեկորդային քանակով այս տարի այդ բացառիկ շոու-մրցանակաբաշխությունը գերազանցեց Եվրատեսիլին:
Հատկանշական է, որ այս տարվա մրցանակաբաշխության նոմինացիաներից մի քանիսում հաղթեցին տարածաշրջանի ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Արմ Թեք Կոնգրես 2011» համաժողովի ժամանակ իր ելույթում Հայաստանը Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա հայտարարելով, Աբսուրդի հետազոտությունների ինստիտուտի հաշվարկով Տիգրան Սարգսյանը արեց աբսուրդային “Հայաստանը Տարածաշրջանային կենտրոն” ձևակերպման իր հոբելյանական 250-րդ հայտարարությունը, առաջ անցնելով, Ալիևից` 74, իսկ Սաակաշվիլուց` 43 նման ձևակերպմամբ և դարձավ “Սև Հումոր 2011” նոմինացիայի հաղթող: Կազմակերպիչները հիշեցրեցին վարչապետի ձևակերպումներից մի քանիսը` Հայաստանը տարածաշրջանային բանկային, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության և էլէկտրաէներգիայի կենտրոն դարձնելու մասին խոստումները, ինչպես նաև հիշեցրեցին, Հայաստանի և տարածաշրջանի ֆիզիկական գտնվելու վայրը քարտեզի վրա:
Այդուամենայնիվ նշյալ երկու նախագահները ևս գրանցեցին զգալի հաղթանակներ: Ալիևին շնորհվեց “Աբսուրդի Սուլթան” տիտղոսը, Ադրբեջանը` իր սոցիալական պայմաններով Նորվեգիային մոտեցնելու մասին հայտարարության համար, իսկ Սաակաշվիլիին շնորհվեց “Աբսուրդոիդ” տիտղոսը, հենց այնպես, զուտ նրա անձնական բնույթի համար:
“Աբսուրդիստան” տիտղոսը ևս բաժին հասավ Ադրբեջանին: Այդ նոմինացիայի համար պայքարում էին նաև Հայաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և Վենեսուելան:
Միացյալ Նահանգները հաղթեցին “Ամենադեմոկրատ Օլիգարխիա” և “Ցույցեր ցրելու նոր առաջատար” նոմինացիաներում:
Մեր երկրում Աբսուրդի հետազոտությունների միջազգային ինստիտուտի բացառիկ գործընկեր Հայաստանի Աբսուրդասերների Ասոցիացիա ՀԿ նախագահ Նապալյոն Կուտուզովլյանը Comedy Now!-ի հետ զրույցում գոհունակություն հայտնեց, որ իրենց կողմից ուղարկված ցանկից մեկի` վարչապետի թեկնածությունը դրվել և հաղթել է: Կուտուզովլյանը սակայն, ափսոսանք հայտնեց, որ մյուս արժանիները` ինչպիսիք էին արևելամետ Գալուստ Սահակյանը, իրարամերժ Շարմազանովը և անմիմիկա Լևոն Զուրաբյանը, ևս չարժանացան կազմակերպիչների կողմից առաջադրման բախտին, ենթադրելով, որ թերևս կալիբրի խնդիր կար: