Sep 10, 2012

Բոյկոտատենդ Հայաստանում






Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու հետ կապված կրքերը Հայաստանում շարունակում են բորբոքվել: Շախմատի հայ ասպետների ոսկի մեդալին ու չեմպիոնի տիտղոսին ուրախացան շատերը, բայց  մեր հայրենակիցները շնորհավորում էին մարզիկներին ոչ թե հերթական չեմպիոնի տիտղոսի, այլ գերխելացի խաղում հունգարացիների պոռտը տեղը դնելու կապակցությամբ: 

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և ԵՊՀ-ի կողմից իրենց հունգարական  գործընկերների բոյկոտից ոգևորված` իրենց չունեցած գործընկերներին բոյկոտելու մասին հայտարարություններով այսօր հանդես եկան տարածաշրջանում իրենց առաջատար հայտարարած ՀՊՃՀ, ՀՊՄՀ, ԵՊԼՀ, ՎՊՄՀ, ԳՊՄՀ, ԵԳԱ, ԵՃՇՊՀ, ԵՊԲՀ, ԵՊԿ, ԱԳԼՃԿ, Հայբուսակ, Աճառյան, Ազպաթ-Վետերան, Եվրասիա, Եվրազեսիա, Եվրաատլանտյան և Եվրաաֆրիկյան, Գլաձոր, Հյուսիսային, Հարավային և Հարավարևելյան համալսարանները:

Սակայն սա դեռ ամենը չէր: Հունգարական գործընկերներին բոյկոտելու մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի գրողների միությունը: Միության քարտուղար Եղիշե Տերյանը, ավելցրեց, որ միայն բոյկոտով չեն սահմանափակվի ու մակուլատուրայի ֆաբրիկա կհանձնեն գրապահոցի ողջ հունգարական գրականությունը: Նա բնակչությանը ևս կոչ արեց անմասն չմնալ ու հրապարակայնորեն և օրը ցերեկով այրել իրենց բոլոր հունգարական գրքերը, քարտեզները ու նույնիսկ տեսարժան վայրերով բացիկները: 

Չուշացավ նաև հայ կոմպոզիտորների և ստեղծագործողների միության անդրադարձը: Կառույցի ղեկավարները հունգարական դասական երաշտության նկատմամբ անհանդուրժողականության կոչեր հնչեցրեցին, ինչպես նաև ասեցին, որ կբոյկոտեն ամեն գլուխգործոց, այդ թվում նաև հայտնի Հունգարական Պարը: 

Վերջին նորությունը հատուկ խանդավառությամբ ընդունեցին Հայաստանի քյառթ համայնքի ներկայացուցիչները: Յոնջլախցի Քերոփիկը այս կապակցությամբ ասաց. «... այ ախպեր ինչ հունգարական պար, ինչ բան, մենք էդ Յաննի-ին ու վաբշե էտ դասական մուզոնը հենց սֆթից ենք բոյկոտել, վաբշե էտ կուլտուռնի-մուլտուռնի հունգարացիները ով են իրանց կյանքով մեկ: Էտ քուչեքից մենք մենակ  ռումինացիներին ենք պռիզնատ գալի, դրանց մեջ լավ գողցող տղեք կան, ու համել դրանց էն չուջուխը լավ էլ կլկլացնումա, էն Մեյդ ին Ռոմենյա երգողը, թե չէ հունգարական պարը որըսա, հայ տղեն մենակ Թաթուլի «Իմ ախպերս»-ի տակ կարա պարի»:

Զարգացումների վերաբերյալ` Առմյանսկի Ռաձիկալ շաբաթաթերթին տրված հարցազրույցում կայացման փուլում գտնվող երիտասարդների ՀՅԴ «Վառենք դրանց» ուսանողական ակումբի անդամները Հունգարիայի հյուպատոսարանի ուղղությամբ լոլիկ շպրտելը անվանեցին «ղզիկություն» ու պարզաբանեցին, որ Փուչիկ Կարենը (ՀՀԿ-ական Կարեն Ավագյան) իրենց նախորոք չէր տեղեկացվել միջոցառման մասին, այլապես DIY ակումբը պայթեցնող դաշնակ եղբայրների առաջնորդությամբ կգային մոլոտով կոկտել հիշեցնող իրենց հայրենասիրական, ազգային ազատարարական պայթուցիչներով: 

Սաֆարովի էքստրադիցիայի և հայ հունգարական լարվածության առընչությամբ ComedyNow-ի խմբագրությունը մեկնաբանություններ խնդրեց Հայաստանում մեծ տարածում ունեցող Պուծինի վկաներ կազմակերպության ղեկավարությունից, որտեղից պատասխան չստացվեց ընդհուպ մինչև ՌԴ ԱԳՆ-ի կողմից հայտարարություն անելը: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի ելույթից ուղիղ 2.5 րոպե անց Պուծինապաշտների եկեղեցու առաջին քարտուղարի երկրորդ տեղակալ Ռուսոսլավ Կոզլովենցը նամակով պատաղխանեց մեր հարցմանը: Կոզլովենցի նամակում, որտեղ կցված էր ԱԳՆ հայտարարության տեսահոլովակը ասվում է. «Մեր տեսակետը նշված հարցի շուրջ լիովին համապատասխանում է ընկեր Պուծինի և նրա ԱԳՆ-ի հայտարարած տեսակետի հետ»:

Նշենք, որ հարցի առնչությամբ մեզ հետ հանրապետական հիվանդանոցից կապվեց հայտնի գրականագետ, թարգմանիչ, հունգարական գրականության մասնագետ Բավական Գրագիտունը, ով մեր հարցին, թե ինչպես է հայտնվել հիվանդանոցում ասաց. «Լավ չեմ հիշում... МИР հեռուստաընկերությանը հարցազրույց էի տալիս... հիշում եմ, որ երբ խոսեցի կրթության, գիտության ու մշակույթի` իշխանական համակարգից անկախ լինելու կարևորության, ինչպես նաև հայ-հունգարական ավանդական բարեկամության մասին, «Մահ Թուրքերին - ՀՅԴ» մայկաներով մի խումբ երիտասարդներ, որ հավանաբար գնում էին Հունգարիայի դեսպանության ուղությամբ, ինչ որ շշեր շպրտեցին իմ ուզզությումբ, նավթի հոտ զգացի ու ... այլևս բան չեմ հիշում այդ պահից հետո»: